Կրիաների մասին

win_20160927_111409

Կրիաները սողունների կարգի կենդանիներ են: Նրանք սերում են ցամաքային հնագույն, անհետացած սողունների մի ճյուղից՝ կոտիլոզավրերից: Որոշ կրիաներ ապրում են բացառապես ցամաքում: Դարավոր զարգացման ընթացքում նրանցից շատերն աստիճանաբար հարմարվել են քաղցրահամ ջրերում ու ծովերում ապրելու պայմաններին. հիանալի լողում են, ջրում արագաշարժ են ու ճարպիկ՝ չնայած ցամաքում ծանրաշարժ են ու դանդաղկոտ: Կան շատ փոքրիկ կրիաներ (մարմնի երկարությունը՝ 7,5 սմ, կենդանի զանգվածը՝ 50 գ), կան և բավական մեծերը (մարմնի երկարությունը՝ 254 սմ, կենդանի զանգվածը՝ մինչև 400 կգ):
Կրիաները տարածված են ամենուրեք, բացի Անտարկտիդայից: Հայտնի է 307 տեսակ, որոնցից 3-ը՝ միջերկրածովյանը, կասպիականը և ճահճայինը, հանդիպում են նաև Հայաստանում:
Կրիաների մարմինն ամփոփված է ոսկրային զրահում, որը կազմված է մեջքային (կարապաքս) և փորային (պլաստրոն) վահանիկներից, որոնք ձևավորվում են կրծքավանդակի, որովայնի ու կոնքի ողերի միաձուլումից: Զրահն արտաքինից պատված է եղջերային վահանիկներով և առջևից ու հետևից ունի անցքեր, որտեղից կենդանին դուրս է հանում գլուխը, պոչը և վերջույթները: Վերջիններիս շարժումներն ապահովում են կրիայի շնչառությունը: Ցամաքային տեսակների զրահը բարձր է, ուռուցիկ, ծովայիններինը՝ շրջահոսուն: Կրիաներն ատամներ չունեն, նրանք սնունդը պատառոտում և կտրում են ծնոտի եղջրային շապիկով՝ թիթեղիկներով: Պարանոցը մկանուտ է, երկար, գլուխը՝ շարժուն: Իրանային մկանները թույլ են զարգացած, իսկ պարանոցի, վերջույթների և պոչի մկանները հզոր են: Լավ է զարգացած տեսողությունը, իսկ լսողությունը թույլ է:

Թողնել մեկնաբանություն

Create a free website or blog at WordPress.com.

Up ↑